Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Կարող եմ ասել՝ սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, միանշանակ, չի փոխվի, քանի որ արդեն բոլոր ժամկետներն անցել են», - նշել է Բաղրամյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, գրում է Aysor.am-ը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին՝ նա ասել է, թե այդ մասով դեռ քննարկումներ են ընթանում:
«Վերջնական հաշվեկշիռները երբ ստանանք, նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկզբին կարող եմ ասել: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն», - ասել է Բաղրամյանը:
2021-ի սեպտեմբերին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցում հստակություն չկա՝ նշելով, որ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ քննարկումներում պահպանել գործող սակագինը։
Վերջին անգամ, Հայաստանի համար գազի սակագինը փոխվել է 2019-ի սկզբին: Սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ: