ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել զինծառայողներին առաջնահերթ ու անվճար բժշկական սպասարկում տրամադրելու վերաբերյալ նախագծին։ Նախագիծը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կառավարության 2018 թ. ապրիլի որոշման պահանջների համաձայն՝ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնում են գերատեսչական հոսպիտալային և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովները, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունները նման փորձաքննություն չեն իրականացնում: Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, նաև օգտվում են սոցիալական փաթեթի առողջապահական ուղղությունից:
Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը: Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախագծով խախտվում է հիվանդ հաճախորդների սպասարկման հավասարության սկզբունքը: Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրի առաջին դեմքերին անվճար բժշկական օգնություն տրամադրելը նաև ազգային անվտանգության հարց է և հորդորել է նույն հարթությունում չդիտարկել զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն տալու, սակայն վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետբյուջեի միջոցներով անձնական բժիշկ տրամադրելու փաստերը։