25 դեկտեմբերի 2021 - 14:22 AMT
Flyone Armenia-ն Երևան-Ստամբուլ չվերթերի հայտ է ներկայացրել

ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն Flyone Armenia ավիաընկերությունից հայտ է ստացել Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային չվերթերի թույլտվություն ստանալու համար։ Այդ մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Դեկտեմբերի 23-ի երեկոյան Քաղավիացիայի կոմիտեն հայտ է ստացել Flyone Armenia ընկերության կողմից շաբաթական 3 չվերթ իրականացնելու առնչությամբ: Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ներկայացված հայտը. ողջամիտ ժամկետներում որոշում կայացնելուց հետո այն կհրապարակվի»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում հայտը կբավարարվի։

Հարությունյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև միայն վերջին 2-2.5 տարում օդային հաղորդակցություն չի եղել։ Նա հավելել է` հաշվի առնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված չեն, և չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, ապա չվերթերը վերսկսելու որոշման դեպքում դրանք կիրականացվեն ոչ կանոնավոր կերպով։

Հարցին, թե թուրքական որևէ ընկերություն հայտ ներկայացրե՞լ է ՀՀ քաղավիացիայի կոմիտե չվերթեր իրականացնելու համար՝ Հարությունյանը պատասխանել է, որ չնայած հրապարակային մակարդակով թուրքական կողմը նշել է, թե դիմել են, սակայն պաշտոնապես որևէ հայտ դեռևս չի ստացվել։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։