ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքին հարող Կարմելի հովտի նորաբաց հայկական եկեղեցին, որն օծվել է հանգստյան օրերին, կառուցվել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նմանությամբ։
Եկեղեցու տարածքում գործելու է նաև կրթամշակութային կենտրոն, որը կներառի գրադարան, երիտասարդական կենտրոն, մարզադահլիճ։
Նախատեսվում է հայոց լեզվի դասընթացներ անցկացնել, ինչպես նաև մշակութային միջոցառումներ: Տարածքում նաև պուրակ կլինի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրով, գրում է Del MarTimes-ը։
Եկեղեցու հիմնարկեքը կայացել էր 2019-ին, նախագծի արժեքը 7 մլն դոլար է։ Եկեղեցու օծման կոմիտեի համանախագահ Նորա Ջ․ Բալիկյանն ասել է, որ այդ նախագիծը կյանքի կոչելու համար 15 տարվա քրտնաջան աշխատանք է պահանջվել։ Նա նաև նշել է, որ եկեղեցին ոչ միայն հայերին կսպասարկի, այլև ամբողջ Սան Դիեգոյի և շրջակայքի հավատացյալներին։