1 ապրիլի 2009 - 17:06 AMT
Ռոման Բերեզովսկի. Երկրորդ գոլը էստոնացիները ակնհայտ օֆսայդից հարվածեցին
«Հիմկիի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր Հայաստանի հավաքականի կազմում չի մասնակցի աշխարհի առաջնության նախընտրական փուլի պատասխան հանդիպմանը Էստոնիայի հավաքականի հետ, որը կկայանա ապրիլի 1-ին «Թալինում»: Էստոնական թիմի հետ առաջին հանդիպումից հետո Բերեզովսկին Երեւանից իր թիմի հետ չմեկնեց Թալին, այլ վերադարձավ «Հիմկիի» տրամադրության տակ: Ինքը դարպասապահն այդպիսի արարքը բացատրեց ոտքի վնասվածքով:
«Ես ոտքի ճկույթի բորբոքում ունեմ. վնասվածքը լուրջ չէ, թեեւ ցավոտ է: Հայաստանի հավաքականի ղեկավարության հետ միասին մենք որոշեցինք, որ ինձ համար ավելի լավ կլինի վերադառնալ «Հիմկի», որպեսզի հասցնեմ պատրաստվել «Ռոստովի» հետ հանդիպմանը, Բերեզովսկուն մեջբերում է «ԷՀ»:
Հայաստանի հավաքականի դարպասապահը մեկնաբանել է նաեւ էստոնացիների հետ հանդիպմանը իր դարպասը բաց թողած գոլերը:
«Էստոնիայի հետ ոչ ոքիից ես լավ հիշողություններ ձեռք չբերեցի: Առաջին գոլը բաց թողեցի գրեթե դարպասի կենտրոնով, որը փակ էր խաղացողներով, չտեսա հարվածի պահը եւ նախապես շարժվեցի անկյուն, իսկ երկրորդը էստոնացիները ակնհայտ օֆսայդից հարվածեցին»,- ասել է Բերեզովսկին: