1 մարտի 2022 - 16:58 AMT
Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել այդ երկրի դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից։ Այդ մասին նա ասել է նրա տեսաուղերձում։

«Անհապաղ հետ ենք կանչում խորհրդակցությունների համար դեսպանին Ղրղզստանից ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար։ Անհապաղ հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնելու ցանկություն ունեցող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում դիրքորոշման համար»,-ասել է նա, գրում է ՌԲԿ-ն։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ երկրի դիվանագետներն այժմ կայացնում են «արդար և միանգամայն անհրաժեշտ որոշումներ» այն պետությունների հանդեպ, որոնք «դրժել են իրենց խոսքն ու միջազգային իրավունքը»։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը աջակցություն է հայտնել ՌԴ ռազմական գործողությանն Ուկրաինայում։ Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին առաջնորդվելու է միայն «ազգային շահերով» և մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ։