11 ապրիլի 2009 - 19:37 AMT
Որոշվել է Հայաստանի կիկբոքսինգի հավաքականի Եվրոպայի առաջնության կազմը
Հայաստանի կիկբոքսինգի հավաքականը այսօր ժամանում է Խարկով, որտեղ ապրիլի 13-16-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ինչպես Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նրա ղեկավարությամբ Եվրոպայի առաջնությանը Հայաստանի կողմից կմասնակցեն 11 մարզիկներ:

«Մենք ժամանում ենք Խարկով այսօր գիշերը: Մեր մարզիկները հանդես կգան 7 քաշային կարգրում: Գոյություն ունի կիկբոքսինգի 5 տեսակ. ֆուլ-կոնտակտ, լոկիկ-կոնտակտ, ֆուլ-լոկիկ, լայթ-կոնտակտ եւ սեմի-կոնտակտ: Այս ոճերը պայմանավորված են մարզիկների քաշային կարգերով: Այսպես, օրինակ, Արթուր Հակոբյանը, որը հանդես է գալիս 60 կգ քաշով, մրցելու է ֆուլ-կոնտակտ ոճում, իսկ Գարիկ Ծատուրյանը` նույն քաշային կարգում, բայց ուրիշ ոճում, որը կորոշվի տեղում,-նշել է Հայրապետյանը,- մեր հավաքականի կազմում այս մրցաշարում հանդես են գալու նաեւ երիտասարդ մարզիկներ: Ուստի մեր հիմնական նպատակները կապված են չորս փորձառու մարզիկների հետ. Գարիկ Ծատուրյան, Արմեն Հարությունյան, Արթուր Հակոբյան եւ Արման Սահակյան»,- ավելացրել է նա:

Նշենք, որ հայ մարզիկները վերջին միջազգային մրցաշարից` ԱՊՀ առաջնությունից, որն անց էր կացել Քիշնեւում փետրվարի 19-22, բերել են 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալներ` այդպիսով 11 հավաքականների թիմային հաշվարկում զբաղեցնելով 2-րդ տեղը:

Հայրապետյանը նաեւ նշեց, որ մայիսի 7-8 կընթանա Հայաստանի առաջնությունը, որից հետո Հայաստանի կիկբոքսինգի հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնությանը, որը կկայանա հունիսի 22-29 Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

Հայաստանի կիկբոքսիգի հավաքականի կազմը.

Գարիկ Ծատուրյան(60 կգ ք/կ)- 2008 Եվրոպայի չեմպիոն, 2009 ԱՊՀ չեմպիոն
Արմեն Հարությունյան- (80 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն
Արթուր Հակոբյան- (60 կգ ք/կ) (լայթ- կոնտակտ)
Ավետիք Ղազարյան- (38 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն
Իշխան Ասատրյան- (44 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն
Վահրամ Առաքելյան- (46 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն
Աղասի Ծառուկյան- (69 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն
Արման Սահակյան- (69 կգ ք/կ) համաշխարհային փառատոնի ոսկի
Հրանտ Հայրապետյան- (55 կգ ք/կ) 2007 Եվրոպայի չեմպիոն եւ 2008 աշխարհի չեմպիոն (մինչեւ 18 տարեկան)
Գեղամ Ալեքսանյան- (46 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն
Մարզիչ` Արտակ Մելիքյան