25 հոկտեմբերի 2022 - 16:39 AMT
Աղբավայրերը չմշտադիտարկելու համար վարչական պատասխանատվություն կսահմանվի

Հայաստանի տարածքում գործող աղբավայրերում մշտադիտարկում չիրականացնելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն 50,000-100,000 դրամի չափով, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու համար 100,000-200,000։

«Թափոնների մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ԱԺ–ում ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Թե ով ու ինչ կարգով է իրականացնելու աղբավայրերի մշտադիտարկում, դեռ հայտնի չէ։ Ըստ Ֆիդանյանի` այն կընդունվի տուգանքի չափերը հաստատելուց հետո, գրում է Sputnik Արմենիան։

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը կառավարության կողմից կընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, իսկ աղբավայրերը շահագործողները հնարավորություն կունենան 2023–ի ընթացքում նախապատրաստելու աղբավայրերի մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական, ֆինանսական միջոցները»,– ասել է Ֆիդանյանը` հավելելով, որ օրենքի այդ կետը ուժի մեջ կմտնի միայն 2024-ի հունվարի 1-ից։

Նույն նախագծով նաև որոշ կարգավորումներ են արվել չնախատեսված վայրերում աղբ թափողներին տուգանելու համար։