27 հոկտեմբերի 2022 - 13:56 AMT
Սիմոնյան. Բաքուն հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից և վերադարձնել գերիներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի` Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ հանդիպմանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և նշել, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից և վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց:

«Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ և հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա», - եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև ասել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարևորում է Ուզբեկստանի խորհրդարանի գործընկերների հետ համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում, որը կարող է արդյունավետ լինել բանաձևերի քվեարկության համակարգային մոտեցման և միջազգային ասպարեզում երկու կողմերի խորհրդարանականների փոխադարձ աջակցության տեսանկյունից:

Գործընկերները բարձր են գնահատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերը՝ որպես խորհրդարանների երկխոսության և փոխգործակցության կարևոր հարթակ:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել Ուզբեկստանի հայ համայնքին: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ բնակվում է մոտ 80,000 հայ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։