Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմն արձանագրել է ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտումն Ասկերանի շրջանում։
«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1․8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղտեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գնդակոծման հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, իսկ տեղաբնակը չի տուժել։
Նշվում է նաև, որ տվյալ փաստի վերաբերյալ ռուսական կողմը, ադրբեջանական կողմի հետ համատեղ, հետաքննություն կանցկացնի։
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։
«Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասվում էր հաղորդագրության մեջ։