ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նոյեմբերի 21-ի հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը:
Միրզոյանն ու Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ:
Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը և այս առումով կարևորվել հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը: