Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրահավաքին 60-70 հազար մարդ է մասնակցել: Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Թող Ալիևի ռեժիմը և ադրբեջանական հասարակությունն իրենց հարց տան՝ ինչպե՞ս է այսքան մարդ հավաքվել շրջափակման տակ, եթե, ըստ նրանց, Արցախում նույնիսկ 40 հազար մարդ չկա», - նշել է Բեգլարյանը:
Արցախաի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքում, նշելով, որ կյանքում առաջին անգամ է ելույթ ունենում այդքան մարդու առջև, հայտարարել է, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին և չի հեռանալու Արցախից։ «Ես խոսք եմ տալիս, որ իմ գիտելիքները, անունը, կապերը, իմ ունեցվածքը տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար»,- հայտարարել է նա։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։