Քրեական վարույթներ են նախաձեռնվել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված «խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի» առթիվ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում վերընտրվել է գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը։
«Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բացի այդ, ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, դեկտեմբերի 22-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Հայայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ։ Ռեկտոր վերընտրված Կարինե Հարությունյանը դեմ էր արտահայտվել բուհերի միավորմանը, մասնակցել է բողոքի ակցիաներին։
Ինստիտուտի ռեկտորի ընտրություններին անմիջապես հաջորդեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փախվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականները: