ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։ Այդ մասին հուվարի 3-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ը, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը, գրում է «Ազատությունը»։
Նա հիշեցրել է ամերիկյան կողմի ջանքերի և կազմակերպած հանդիպումների մասին, միևնույն ժամանակ ընդգծելով՝ ցանկանում են տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում, և հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ:
Նա հավելել է, որ դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն կողմերն իրենք։
«Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնելու այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։