Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվել է Սիսիանի ավագանու համամասնական ընտրությունների անցկացման օրը։
Դրանք կանցկացվեն մարտի 26-ին։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման փաստաթղթերը՝ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը նախատեսված է մինչեւ փետրվարի 24-ը։ Նախընտրական քարոզչությունը մարտի 1-ից մինչեւ մարտի 24-ի ժամը 24.00-ն է։
Ավելի վաղ կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։ Ըստ հիմնավորման, 2022թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու թվով 10 անդամ: