4 մարտի 2023 - 14:21 AMT
ԱՄՆ դեսպան․ Խոստանում եմ անել հնարավորը ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման համար

Հայաստանում ԱՄՆ 10-րդ դեսպան Քրիստինա Քվինը, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ, իր մասին տեսանյութում, որը հրապարակել է ԱՄՆ դեսպանատունը, պատմել է իր մասին՝ նշելով, որ Հայաստան գալով՝ կարծես, տուն է վերադարձել։

«Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել, արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»-ասել է նա։

Կարճ տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։

Նա նշել է, որ Երևան ժամանելուց անմիջապես հետո այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Դեսպանը խոսել է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։