ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մայիսի լույս 3-ի գիշերն Ուկրաինան փորձել է 2 ԱԹՍ-ի միջոցով գրոհել Կրեմլը։ Նշվում է, որ սարքերը վնասազերծվել են, ոչ ոք չի տուժել։
Կրեմլում հայտարարել են, որ գնահատում են դա որպես մահափորձ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ և իրավունք են վերապահում իրենց պատասխան միջոցներ ձեռնարկել «այնտեղ, երբ և որտեղ հարկ համարեն», գրում է ՏԱՍՍ-ը։
Կիևը հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Կիևը կապ չունի գրոհի հետ։
Ըստ նրա, դա «իրավիճակի լարում է մայիսի 9-ին ընդառաջ»։
Կրեմլը հայտարարել է, որ հարվածը հասցվել է «Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի շքերթին ընդառաջ, որին նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայություն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա չի ազդի Կրեմլի ծրագրերի վրա՝ Մայիսի 9-ի շքերթը Կարմիր հրապարակում տեղի կունենա և Վլադիմիր Պուտինը կմասնակցի հանդիսությանը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ այսուհետ Մոսկվայում արգելվում են ԱԹՍ-ների թռիչքները՝ բացառություն կարվի միայն «պետական մարմինների թույլտվությամբ օգտագործվող սարքերի համար»։