Եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակ Դրյու Հենդրիի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, հետպատերազմյան խնդիրներին և դրանց հետևանքներին:
Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ագրեսիային՝ հայ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են Լաչինի ճգնաժամի հետևանքները, խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից: Այս համատեքստում կարևորվել են միջազգային գործընկերների աջակցությունը և հասցեական հայտարարությունները:
Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված գործակցությունը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությունը լրացնում է միջպետական հարաբերություններին, և այդ համատեքստում ՄԹ փորձը չափազանց կարևոր է մեզ համար: Այս առումով խնդրում ենք դիտարկել Հայաստանի ՏԻՄ սուբյեկտների՝ Շոտլանդիայի հետ գործակցության հնարավորությունը»,- ընդգծել է Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ու նույնն ակնկալում է Միացյալ Թագավորությունից: