1 հուլիսի 2023 - 12:46 AMT
Երևանում կմեկնարկի 3 վարչական շրջան իրար կապող երկու նոր ճանապարհի կառուցումը

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով 2023-ին Երևանում կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը։

Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն: Նոր ճանապարհի կարևոր հանգույցներից է էստակադայի կառուցումը: Նախագծող թիմը խոստովանում է. առաջադրանքը բարդ է, կառույցը` պատասխանատու: Մոտ 60 մ երկարությամբ երկթռիչք էստակադան կունենա երկաթբետոնե կառուցվածք: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նաև հենապատեր կկառուցվեն, հայտնում է Հանրային ռադիոն։

Հաջորդ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Դեռևս քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա 1.4 կմ երկարությամբ ու 7 մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ:

Ընթացիկ տարում համայնքը նախատեսում է ևս մեկ էստակադայի ու 3 այլընտրանքային ճանապարհի կառուցում: Դրանք իրենց հերթին հնարավորություն կտան բեռնաթափել Աջափնյակ, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանների երթևեկությունն ու հնարավորինս խուսափել խցանումներից: