1 հուլիսի 2023 - 16:46 AMT
Գլխավոր դատախազին արդարադատության գեներալ–մայորի կոչում է շնորհվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (արդարադատության գեներալ–մայոր) է շնորհել։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է նաև դատախազության մի շարք աշխատակիցների։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո նախագահը հանդես է եկել ելույթով:

«Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պահպանության ու ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը և այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը:

Ձեր գործունեության անկյունաքարը Հայաստանի Սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը մեր երկրում սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանի անկախացումից ի վեր դատախազությունը, որպես միասնական համակարգ անցել է կայացման դժվարին ճանապարհ՝ բախվելով բազմաթիվ արատավոր երևույթների»,-ասել է նախագահը: