2 սեպտեմբերի 2023 - 12:40 AMT
ԵՄ-ն ցավում է բախումների համար և կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ երկխոսության

Եվրամիությունը ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների վերաբերյալ և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ երկխոսության։ Այդ մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Եվրամիությունն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված բախումների համար, որի արդյունքում զոհվել ու վիրավորվել են մի քանի զինծառայողներ։ ԵՄ–ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել նոր բռնություններից և վերադառնալ երկխոսության»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտարարվել էր, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զոհվածների թվում ներառված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։