Սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք համաշխարհային աստղ Սնուփ Դոգի (Snoop Dogg) մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան (Լյոկա Ղազարյան), ով իր խոսքը լսելի կդարձնի բեմից։ Այդ մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունը։
«Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Լյոկա Ղազարյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է, որ իմացել է այդ մասին Արցախի անկախության օրը։
«Այսօր Արցախի անկախության օրն է։ Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»,–գրել է նա։
Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։