Պեսկով․ Մենք եղել և մնում ենք, և, վստահ եմ՝ լինելու ենք մերձավոր դաշնակիցներ Հայաստանի հետ

Պեսկով․ Մենք եղել և մնում ենք, և, վստահ եմ՝ լինելու ենք մերձավոր դաշնակիցներ Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ի դեմս Հայաստանի դաշնակից կորցնելու մտավախություն չունի։

Նա նաև խոսել է դաշնակցային հարաբերությունները և գործընկերությունը խորացնելու անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք մերձավոր դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրի զարգացման տրամաբանությունը և ազգային շահերը թելադրում են մեր դաշինքն ու գործընկերությունը խորացնելու անհրաժեշտություն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ։ Նշվում էր, որ ՀՀ ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել, որոնց թվում են՝ Հռոմի ստատուտը վավերացման ուղարկելը, վարչապետի տիկնոջ այցը Կիև, որտեղ նա հումանիտար օգնություն է հանձնել «Կիևի նացիստական ռեժիմին», ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունները ՀՀ տարածքում։

Միևնույն ժամանակ նշվում էր, որ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ երկրների ժողովուրդների:

Photo. Reuters
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---