ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում։
Նա հորդորել է վստահելի քայլեր ձեռնարկել՝ իրականացնելու հետևյալ հրատապ միջոցները․
-դատապարտել ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը,
-պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ,
-անհապաղ տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում՝ մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգության իրավիճակի վերահսկման և գնահատման նպատակով,
-ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան,
-ապահովել կողմերի լիարժեք բարեխիղճ համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար, ներառյալ՝ դիերի դուրսբերումը և նույնականացումը, մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, մարդասիրական օգնության անվտանգ և անարգել տեղափոխումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ պահպանմամբ,
-ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան հաստատությունների մոնիտորինգի և վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ,
-ապահովել կենսական նշանակության մատակարարումների, այդ թվում՝ պարենի, դեղորայքի, վառելիքի, գազի և էլեկտրաէներգիայի անհապաղ վերականգնումը,
-պահանջել անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով՝ Անվտանգության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան,
-ապահովել Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսության կայուն միջազգային մեխանիզմ` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար:
-պահանջել Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների դուրսբերումը մինչև բանակցությունների արդյունքները՝ քաղաքացիական բնակչությանը սպառնացող խուճապը, սադրանքներն ու էսկալացիան բացառելու համար,
-բացառել Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողությունները,
-հնարավորություն ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության մանդատի ներքո խաղաղապահ ուժերի համար՝ պահպանելու կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։