Շտապօգնության մոտ 30 մեքենա Կարմիր Խաչ միջազգային մարդասիրական կազմակերպության ուղեկցությամբ ուղևորվել է Արցախ։ Այդ մասին հայտնում է Factor TV-ի թղթակիցը՝ Գորիսից Արցախ տանող մայրուղու առաջին անցակետից։
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:
Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ն այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Բացի այդ, Բաքվի հետ պայմանավորվածությամբ՝ ռուս խաղաղապահների ուղղաթիռները պայթյունից տուժած քաղաքացիներին Ստեփանակերտից տեղափոխում են ՀՀ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ, Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան ուղղաթիռով մեկնել է Արցախ և Ստեփանակերտից առաջին տուժածներին արդեն տեղափոխել Սիսիան։