«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ստանձնել է պատգամավորական լիազորությունները։ Նա ԱԺ ամբիոնից երդվել է բարեխղճորեն կատարել պարտավորությունները։
«Երդվում եմ պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները, նպաստել ՀՀ ինքիշխանության ու շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար», - ասել է Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, վերցրել է պատգամավորական մանդատն ու ազատ արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել ու ասել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։