21 նոյեմբերի 2023 - 18:20 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ի կոչը ՀՀ-ին՝ հանդիպել սահմանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին, հայտնում է ադրբեջանական APA-ն։

Նշվում է, որ երկու կողմն է պատասխանատու խաղաղության գործընթացի շարունակման համար՝ ներառյալ փոխընդունելի վայրի ընտրությունը, այդ թվում՝ սահմանին։

Նշվում է, որ Բաքուն պատրաստ է ուղիղ բանակցությունների Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն նաև հույս է հայտնել, որ Հայաստանը դրական կարձագանքի առաջիկայում բանակցություններ սկսելու կոչին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նոյեմբերի 20–ին հայտարարել է8, թե Բաքուն ավելի քան 2 ամիս է, ինչ սպասում է ՀՀ պատասխանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, քանի որ «վատ խորհուրդներ է ստանում, մասնավորապես, Ֆրանսիայից»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը չպետք է անվտանգություն որոնի տարածաշրջանից հազարավոր կմ այն կողմ, այլ պետք է ընդունի Բաքվի պարզած ձեռքը։