ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն Ալավերդու համայնքապետարանի բակում ասել է, որ սա է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը՝ տեսնում են, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով։
«Այսինքն՝ ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ․․․ կան բազմաթիվ մեխանզիմներ՝ դատական կարգով և այլն, բայց այս հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Զուրաբյանը նշել է, որ ժողորդի կողմից քաղաքապետ է ընտրվել, և այն պարագայում, երբ Փաշինյանը պարծենում է ժողովրդավարական նվաճումներով, Ալավերդիում տեղի ունեցած գործընթացը ճիշտ հակառակն է ցույց տալիս։ Նա հավելել է, որ ընտրված մարդկանց վրա ոստիկանության, կամ քննչական մարմինների միջոցով ճնշումներ են գործադրվում։
Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում ՏԻՄ-երում ընտրված որևէ ընդդիմադիրի:
Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացել է անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ է ընտրվել ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։