20 դեկտեմբերի 2023 - 18:31 AMT
Զախարովա․ ՌԴ–ն հուսով է՝ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին, պատրաստ է բոլոր հարցերը կառուցողական հունով լուծել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն հուսով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը կառուցողական հունի մեջ լուծել։

Նա հավելել է, որ Մոսկվայում առաջնորդվում են ՀՀ հետ հարաբերություններԻ դաշնակցային բնույթով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի ՌԴ նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26–ին կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական նախատոնական հանդիպմանը։ Այնտեղ էլ հնարավոր կլինի քննարկել բոլոր հետաքրքրող հարցերը։ Մոսկվայում առաջնորդվում են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով և մշտապես պատրաստ են բոլոր առաջացող թեմաները քննարկել հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային մթնոլորտում»,–ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ ՌԴ–ն ավանդաբար հրավեր է ուղարկել ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարներին և դրական պատասխանի է սպասում։ Ընդ որում փոխնախարարը ձեռնպահ էր մնացել խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպման հեռանկարի մասին խոսելուց։