Երևանի ավագանու 2023–ի վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը քաղաքապետի խորհրդականներին, խորհրդատուներին, օգնականներին, մամուլի քարտուղարին և այլ աշխատակիցներին առնչվող օրենքի նախագիծն էր։ Համաձայն ընդունված օրինագծի` Երևանի քաղաքապետը կունենա 7 խորհրդական, աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման 15 խորհրդատու, 5 տեղակալ, 4 օգնական և այլն։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հեգնանքով է արձագանքել նախագծին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Քի՞չ չէ 15 խորհրդատուն, գուցե 25 լինի»,– ասել է ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։ Մեկ ուրիշն էլ տեղից մեկնաբանել է, թե կարող է 75 էլ լինել։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը շեշտել է, որ քաղաքապետարանում աշխատողներն այնքան շատ են, որ բոլորը նորմալ աշխատեն, ապա Ավինյանը կարող է գործի չգնալ։ Նա նաև ընդգծել է, որ աշխատավարձերի չափերն էլ իր համար առնվազն տարակուսելի են քաղաքապետի խորհրդականները ստանում են 629 000 դրամ, քաղաքապետի օգնականները 544,000 դրամ, տեղակալները` 952,000 դրամ և այլն։
Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է Երևանի քաղաքապետն օգնականներ ու խորհրդականներ ունի, ոչ թե անձամբ ինքը։
Նախագծի զեկուցողը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Միլենա Այդինյանը, շեշտել է, թեքաղաքապետարանում շատ վարչություններ կան, և այդ քանակությամբ խորհրդատուներ ունենալը նորմալ է, միջազգային ստանդարտներին համապատասխան։
«Սա նորարար և արդի մոտեցում է, նեղ մասնագետներ են ներգրավվում աշխատանքներին։ Նրանք կետային աշխատանք կիրականացնեն ու համայնքի արդյունավետությունը կբարձրացնեն։ Ես անձամբ շատ եմ ուսումնասիրել ու համարում եմ, որ հաշվի առնելով մեր կատարած աշխատանքները` 15 խորհրդատուն շատ նորմալ թիվ է»,– նշել է Այդինյանը։
Երիցյանն արձագանքելով զեկուցողին` ասաց, որ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի թիմի գիտելիքները, փորձառությունն ու մասնագիտական որակը, ապա 15 խորհրդատուն անգամ քիչ է, պետք է 150 խորհրդատու լինի։