27 դեկտեմբերի 2023 - 16:45 AMT
Նախարար․ Արցախում մնացած մշակութային ժառանգությունը գույքագրվել է, ամբողջական տվյալների բազա կա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսում հայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ ԿԳՄՍ նախարարությունն ինտենսիվ աշխատում է։

Անդրեասյանը հայտնել է, որ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա, հայտնում է Panorama.am-ը։

«ԱԳՆ գործընկերների հետ մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու ԼՂ տարածքում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության հարցը»,- նշել է նա։

Նախարարը հավելել է, որ գույքագրվում են նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցվում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին:

«Նաև էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում այդ ամենը»,- ասել է նախարարը։

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ պլանավորել են ցուցահանդեսներ, համաժողովներ և Հայաստանում, և արտերկրում, բոլոր համապատասխան հարթակներում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

Ընթերցեք նաև․Monument Watch. Հադրութի պատմական հայկական ինքնության օտարումը և նոր՝ «ադրբեջանական ինքնության» ստեղծումը