ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Հանրայինի եթերում խոսել է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին՝ նշելով, որ ԶՈւ ամենամեծ պրոբլեմը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են՝ ինքնասպանություններ, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքեր։
«Երբ խոսում ենք ոչ մարտական պայմաններում զոհերի թվի մասին և հղում ենք կատարում վիճակագրությանը, ապա մենք տեսնում ենք թվեր, որոնք կարող են վերաբերել դժբախտ պատահարներին՝ ՃՏՊ–ներ, հիվանդություն և այլն։ Այն, ինչ տեղի է ունենում բանակում, դա նաև կյանքի մի մասն է։ Երբ զինվորը գալիս է բանակ, իր հետ բերում է բարքեր, մեր խնդիրն է այդ բարքերը զրոյացնել, զինվորին դարձնել կարգապահ և մարդուն հասցնել իր տուն»,– ասել է Պապիկյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա հավելել է, որ, օրինակ, ՀՀ–ում 2022 թվականին մահվան ելքով 193 ՃՏՊ է եղել, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 17 դեպք, 2023 թվականին գրանցվել է մահվան ելքով 204 դեպք, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 12 դեպք։
«Մեր խնդիրն է այդ բարքերը զրոյացնելն է, զինվորին կարգապահ դարձնելը և երկամյա ծառայությունից հետո առողջ հասցնել տուն։ Խնդիրներին նայելիս, սակայն, պետք է ունենանք օբյեկտիվություն և հարցերին ճիշտ դիտանկյունով նայենք»,- նշել է Պապիկյանը։