14 փետրվարի 2024 - 19:11 AMT
Մոսկվան կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին քայլեր ձեռնարկել` նվազեցնելու լարվածությունը սահմանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն մտռահոգված է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով և կոչ է անում կողմերին քայլեր ձեռնարկել նվազեցնելու համար լարվածությունը սահմանին։

Նա նաև ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է անհապաղ վերադառնան եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարմանը:

«Կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, ապասրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել, խուսափել իրավիճակի հետագա վատթարացմամբ հղի ցանկացած գործողությունից»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Զախարովան հավելել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է անհապաղ վերադառնան եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարմանը, որոնք ընդունվել են ամենաբարձր մակարդակով՝ 2020-2022 թվականներին։ Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է հանգուցալուծվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։