ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի և ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։
«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։
Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ։
«Մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»,- ասել է նա։
Ըստ Սիմոնյանի՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։
«Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային, դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ընդգծել է նա։