ԱԱԾ–ն պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի համար տույժ կիրառելու լիազորություն կունենա։ ՀՀ ԱԺ «Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ԱԱԾ կողմից ներկայացված օրինագծին։
Տուգանքի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև վեցհարյուրապատիկի՝ կախված խախտման տեսակից:
Ենթադրվում է, որ նոր կարգավորման ընդունմամբ ԱԱԾ-ն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը։
Նախագծով լրացվող իրավախախտումները քննելու է ԱԱԾ-ն, իսկ ԱԱԾ-ի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը կվերապահվի ԱԱԾ տնօրենին: Օրենսգրքում հաջորդ լրացմամբ կհստակեցվի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը: