Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիա այցի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը հակառուսական պատժամիջոցների քաղաքականության մաս չի եղել և չի լինի։
Նա հավելել է, որ իր երկիրը շատ լավ հարաբերություններ ունի և ՌԴ–ի, և Ուկրաինայի հետ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ադրբեջանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև բոլոր երկրների, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ, մենք հակառուսական պատժամիջոցների արշավի մաս չենք եղել և չենք դառնա»,–ասել է Ալիևը։
Արևմտյան բազմաթիվ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ դեմ, վերջինիս կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով։ Հունիսին ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը։ Պատժամիջոցների այդ փաթեթները սահմանափակում են Ռուսաստանի հետ առևտուրը և քաղաքական էլիտայի գործունեությունը: