9 սեպտեմբերի 2024 - 16:50 AMT
Միրզոյան․ Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է

ԱԳ նախարար Արարար Միրոզյանը Երևանում Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին փոխանցելու հնարավորությանը, ասել է, որ ՀՀ համար երրորդ ուժի կողմից վերահսկողությունը բացառվում է։

«Որէև բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմին, չի քննարկվում։ Մեզ համար անընդունելի է։ Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,– ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա, խոսքը բոլորովին այլ բանի մասին է՝ մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է

«Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մեկ աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն։ Կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է։

Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական երրորդ կողմի, ոչ մասնավոր, ներկայությունը մեզ համար ընդունելի չի»,–ասել է ԱԳ նախարարը։

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելել է, որ իր տեղեկություններով՝ խոսքն անվտանգության ապահովման մասին չէ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց հավելել էր, որ մանրամասները դեռ հայտնի չեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։