Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մուտք գործել երկիր և նրան «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ է հայտարարել։ Այդ մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նման որոշում է ընդունվել, քանի որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա, գրում է «Արգումենտի ի ֆակտին»։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը միանշանակ չի դատապարտել Իրանի լուրջ ագրեսիան Իսրայելի դեմ»,–ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։