9 հոկտեմբերի 2024 - 17:20 AMT
Հոկտեմբերի 12-16-ն օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի

Հայաստանում հոկտեմբերի 12-16-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Այն արդեն 6-րդ անգամն է անցկացվում։ Այս տարի այն ներկայանում է ավելի ընդգրկուն ծրագրով ու մասնակիցների մեծ թվով։

Փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը նշել է, որ այս տարի մասնակցելու է 10 երկրից 21 օդաչու՝ իր անձնակազմով։ Ընդհանուր առմամբ լինելու է 120 մասնակից, հայտնում է Արմենպրեսը։

«Այս տարի մասնակիցների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է։ Հայաստանից բացի, մեր փառատոնին գալիս են մասնակցելու Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Մոնակոյից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Գերմանիայից։ Փառատոնի օրերին իրականացնելու ենք 9 թռիչք։ Մեկնարկային թռիչքները լինելու են Գառնիից, այնուհետև շարունակվելու են Հանրապետության հրապարակում, վերջում թռիչքներ կլինեն Ապարանի ջրամբարի մոտից»,-ասել է Բարսեղյանը։

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, որը վերջին տարիներին շեշտադրում է փառատոնային, արկածային տուրիզմի զարգացումը։

Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում օդաչուների մասնակցությամբ անցկացվելու է մրցույթ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Անցկացվելու է Հայաստանի բաց գավաթ` համագործակցելով Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (FAI) հետ։

Նաիրի Բարսեղյանը նշել է, որ սա առաջին փորձն է մրցութային ամբողջ ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, հաջորդ քայլը լինելու է հայտ ներկայացնելը օդագնացության մեծ մասշտաբի մրցույթ ապահովելու համար։ Օդաչուները, օդապարիկներով թռչելիս, կատարելու են կոնկրետ հանձնարարություններ։