5 նոյեմբերի 2024 - 17:53 AMT
Արսենյան․ Հայ գերիների ազատումը մեծապես կնպաստի Ադրբեջանի հետ հաշտեցմանը

Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնելու արարողության ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատումը մեծապես կնպաստի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։

«Այսպիսի քայլը շատ կնպաստի հաշտեցմանը»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Արսենյանը հավելել է, որ գերիների և մյուս պահվող անձանց մասին բոլոր մյուս հարցերը պետք է հասցեագրել ադրբեջանական կողմին։ Նա նաև ասել է, որ եթե Երևանն ու Բաքուն գնում են դեպի խաղաղության պայմանագիր, պատրաստվում են հայտարարել աշխարհին, որ «երկու պետությունները, երկու ազգերը խաղաղ են ապրելու և համագործակցելու են, ապա պետք է սկսել այն քայլերից, որոնք «պետք է գնահատվեն»։

Արսենյանը հրաժարվել է մեկնաբանել առանձին հարցն Ադրբեջանում պահվող նախկին ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի մասին՝ նշելով, որ Երևանը տարբերություն չի դնում ՀՀ քաղաքացիների միջև։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։