Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վստահություն հայտնել, որ կարողանալու է դիմագրավել մարդկությանը հուզող տագնապներին։
Նա նաև արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ակնկալիք է հայտնել։
«Անհուն ուրախութեամբ ողջունում ենք Ձեզ, որպես ԱՄՆ ընտրյալ նախագահ: Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, որ վստահաբար խոստմնալից էջ պիտի բացի Միացյալ Նահանգների պատմության մեջ: Արդարև դուք Ձեր պատասխանատվությունը ստանձնելու եք աշխարհի պատմության ճակատագրական մի հանգրվանում:
Վստահ ենք, որ ահավոր տագնապներով և մարդկային իրավունքների ոտնահարումներով լի աշխարհում, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ու ճանաչման մեջ:
Նաև վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառությամբ, ուժեղ ղեկավարությամբ և միջազգային լայն կապերով պիտի կարողանաք ամուր հավատքով ու քաջությամբ դիմագրավել մարդկությանը հուզող տագնապներին: Վստահ կարող եք լինել, պրն. Նախագահ, մեր ամուր բարեկամության: Աղոթում ենք առ Աստված, որ զորացնի ու առաջնորդի Ձեզ՝ Ձեր պատասխանատվության ու առաքելության մեջ»,–ասվում է շնորհավորական ուղերձում։
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի միջև, որի ընթացքում Թրամփն «իր ամբողջական զորակցությունն է հայտնել Արցախի հարցին և տարածաշրջանում ամբողջական խաղաղության հաստատմանը»
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախագահի թեկնածուին ներկայացրել է իր 2 ակնկալիքները. որ ԱՄՆ կազմվելիք նոր կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի արցախահայությանը և որ կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող հարմար անձ։