Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ 3 օրում հավաքվել է 11,315 ստորագրություն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Մարությանն անձամբ է մասնակցում ստորագրահավաքին և շրջում Երևանի փողոցներում։
«Սիրելի երևանցիներ, այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել․ մեր #Առավելագույնը100դրամ նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրությունն է դրել ևս 4420 մարդ։
Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրվա ընթացքում ունենք արդեն 11,315 ստորագրություն։ Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտից սպասեք մեզ Երևանի փողոցերում։
Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա և 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար չենք մոռանում զանգել 094 19 99 55 համարով՛,–ասվում է գրառման մեջ։
Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորագրահավաքը թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպեն քաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
Նախատեսվում է հունվարի 1–ից անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը նաև ուղեվարձի բարձրացում է ենթադրում։