Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը», հայտնում է 1lurer.am–ը։
«Թող Տերը օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց Իր արդարությամբ և շնորհելով երկարաժամկետ բարգավաճում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թեննին:
Նախընտրական արշավի վերջում ԱՄՆ 47–րդ նախագահ ընտրված Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախագահի թեկնածուին ներկայացրել է իր 2 ակնկալիքները. որ ԱՄՆ կազմվելիք նոր կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի արցախահայությանը և որ կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող հարմար անձ։