Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, վստահեցրել է, թե այն ներդվելու է:
«Ես երեկ ևս մեկ անգամ ուշադիր կարդացի կառավարության ծրագիրը, նշված է, որ ընդհանուր ներդրման ժամկետը 2026 թվականն է, մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք։ Բոլոր խոստումներն իրականացնելու ենք»,- ասել է Ավանեսյանը, հայտնում է Aysor.am-ը։
Առողջության համապարփակ ապահովագրությունը, սակայն, 2025 թվականին չի լինի. 2025-ի բյուջեով գումար նախատեսված չէ:
Ավանեսյանն ասել է, որ 2025 թվականի պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերն իրենց երազանքների արտահայտումը չեն:
«Այն հեռու է մեզ հետ համադրելի երկրների ՀՆԱ-ի 4 տոկոսի ցուցանիշից»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, սակայն, ամեն տարի բացարձակ թվով ավելացվում են առողջապահական ծախսերը:
Ավելի վաղ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը: Նշվել էր նաև, թե 2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ՀՀ ողջ բնակչության համար։