Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19–րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը։ Դա են վկայում արբանյակային լուսանկարները, որոնք արվել են 2023 թ. հոկտեմբերի 5–ից մինչև 2024 թ. ապրիլի 30–ը, հայտնում է «Caucasus Heritage Watch»–ը։
Տանիքի մեծ մասը փլուզվել է, ինչպես նաև հարավային պատը, որի մեջ խաչքար կար տեղադրված: Նշվում է, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ մնացել է վնասված, բայց կանգուն` մինչև վերջին փլուզումը։
Միջազգային դատարանը 2021 թ. դեկտեմբերին պարտավորեցրել է Ադրբեջանին «կանխել հայկական մշակութային ժառանգության պղծումն ու վանդալիզմի ենթարկելն ու պատժել կատարողներին։ Ասվում էր, որ Բաքուն պետք է հետաքննի և պատասխանատվության կանչի մեղսակից բոլոր կողմերին, որոնք վնաս են պատճառել, «եթե չի կարողացել կանխել դա»։ Նշվում է նաև, որ հայկական եկեղեցիները պետք է ընդգրկվեն Ադրբեջանի հուշարձանների ցանկում և վերականգնում նախատեսվի հայ ճարտարապետների հետ համագործակցությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատն ասել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ «կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով»։