29 նոյեմբերի 2024 - 11:50 AMT
ՌԴ–ում ՀՀ և Իրանի դեսպանները քննարկել են տարածաշրջանի զարգացման հեռանկարները

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի դեսպանությունում։

Արսենյանն ու Ջալալին ջերմ մթնոլորոտւմ քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն և Իրանը «չի կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն»։

Իրանը մշտապես հայտարարում է, որ ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։