19 մայիսի 2009 - 23:35 AMT
Հնդկաստանի կառավարությունը 220 000 ԱՄՆ դոլար է հատկացրել Լոռու մարզում գյուղական դպրոցի հիմնանորոգմանը
Այսօր «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Հայաստանում Հնդկաստանի լիազոր դեսպան Րինա Պանդեյը ստորագրեցին համաձայնության հուշագիր, ըստ որի` հնդկական կողմը Հիմնադրամին կտրամադրի ավելի քան 400000 ԱՄՆ դոլար, որից շուրջ 220000 ԱՄՆ դոլարը կուղղվի Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգմանը:

Ինչպես հաղորդում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը, կողմերի միջեւ գործակցության հաստատման գործընթացին նպաստել է ՀՀ Արտգործնախարարությունը` ի դեմս Հնկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի:

«Հուսով եմ` այս համագործակցությունը կլինի շարունակական, եւ Հիմնադրամի որդեգրած «Գյուղերի զարգացման ծրագիրը» կունենա եւս մեկ հովանավոր»,- իր խոսքում նշեց Արա Վարդանյանը:

Հնդկաստանի դեսպանի հավաստմամբ` Արծնի գյուղի դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընտրությունը Հնդկաստանի կառավարությանն է, որն առաջիկայում էլ մտադիր է շարունակել համագործակցությունը Հիմնադրամի հետ: