Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շողակաթ Վարդանյանը:
«Դա հատկապես պատվաբեր է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Ինձ համար մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,-ասվում է գրառման մեջ։
Ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման մասին։ «1489»-ը ռազմական գործողության ընթացքում անհետ կորած անհատի մարմնի թիվն է՝ այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ 285 ֆիլմից կազմված ցանկում (longlist)։ Ֆիլմը հեղինակը ներկայացրել է «Օսկարին» անհատապես։
Ավելի վաղ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել էր երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների, Տրիեստի 35-րդ կինոփառատոնում ճանաչվել է »Լավագույն վավերագրական ֆիլմ»։