Դեկտեմբերի 11–ին Երևանից Բաքու մեկնած Enter Air ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Պարզվում է` Enter Air չարտերային չվերթը Հռոմից Երևան էր ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում:
Նշվում է, որ ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևան–Բաքու չարտերային չվերթ է իրականացվել։ Enter Air ավիաընկերության ինքնաթիռը դեկտեմբերի 11–ի կեսօրին օդ է բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից և ուղևորվել Ադրբեջան։