23 դեկտեմբերի 2024 - 15:31 AMT
Բայրամովը սերբ պաշտոնակցին պատմել է ՀՀ հետ խաղաղության օրակարգում առկա խնդիրների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Յուրիչի հետ հանդիպմանը տեղեկացրել է նրան Հայաստանի հետ ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացի մասին և պատմել «խաղաղության օրակարգի խնդիրների մասին», հայտնում է APA-ն։

Բայրամովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, անվտանգության, տնտեսական և էներգետիկ հարցեր, հումանիտար և այլ ասպեկտներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր վերապահումները՝ փաստացի չմերժելով դրանք։

Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։